Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օգնություն է առաջարկել Իրանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո՝ նշելով, որ երկու երկրների միջև թշնամությունը չի խոչընդոտում մարդասիրական կարեկցանքին, հայտնում է AFP գործակալությունը:
«Ես տեսա ավերակների տակ թաղված տղամարդկանց, կանանց և երեխաների սարսափելի լուսանկարները: Մի քանի ժամ առաջ ես հրահանգեցի, որ մենք Կարմիր խաչին բժշկական օգնություն առաջարկենք Իրանում և Իրաքում աղետի հետևանքով տուժածների համար: Ես բազմիցս ասել եմ, որ մենք կռիվ չունենք Իրանի ժողովրդի հետ: Մեր խնդիրը միայն բռնապետական ռեժիմն է, որ նրանց պատանդ է պահում և սպառնում է մեզ ոչնչացնել: Բայց մեր մարդասիրությունն ավելի մեծ է, քան նրանց ատելությունը»,- ասել է Նեթանյահուն:
Իրանը չի ճանաչում հրեական պետությունը, և իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ առաջարկն անմիջապես մերժվել է: