Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ձևավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նշել, որ այն իսկական հոգևոր կենտրոն է դարձել հազարավոր մարդկանց համար, հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ողջունում եմ ձեզ Մոսկվայում՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանյան և Նոր Նախիջևանի թեմի ձևավորման 300-ամյակի առթիվ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինը նաև ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին դարեր շարունակ կապող ավանդական բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում թեմի ունեցած ավանդի կարևորությունը։
ՌԴ նախագահը նշել է, որ «սկսելով իր պատմությունը հեռավոր 1717 թվականին՝ թեմը միավորել է ՌԴ տարածքում գործող հայկական եկեղեցիները, դարձել է իսկական հոգևոր կենտրոն հազարավոր մարդկանց համար և հայ ժողովրդի ինքնաբավ մշակույթի, ավանդույթների և սովորույթների պահպանման կարևորագույն գործոն»։
Հարյուրամյակներ շարունակ Թեմը կարևոր մարդասիրական, լուսավորչական, բարեգործական առաքելություն է կատարում՝ հոգալով հասարակության մեջ բարոյական արժեքների, խաղաղության, բարու և արդարության իդեալների պահպանման մասին։
Թեմը ուշադրություն է դարձնում դեռահաս սերնդի դաստիարակությանը, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու հետ արդյունավետ երկխոսության զարգացմանը։ Պուտինը նաև նշել է, որ նման մեծածավալ աշխատանքը ամենախորին հարգանքի և ճանաչմանն է արժանի։