Մոսկվայում Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Միջոցառումը մեկնարկել է հայազգի մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Սարյանի մոտ երեք տասնյակ բացառիկ աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից, որոնք ստեղծվել են անվանի վարպետի կողմից Մերձավոր Արևելքի երկրներում ճանապարհորդության ընթացքում, ինչպես նաև դրանց մասին հիշողությունների հիման վրա:
Ցուցահանդեսը դիտելուց հետո Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելի սրահում հանդես են եկել ելույթներով: Միջոցառման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել 1995 թվականին Հայաստանից գողացված մեծանուն նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը: Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին ՌԴ նախագահը հայտնել էր դեռևս ս.թ. մարտի 15-ին՝ Մոսկվայում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: