Արցախի կառավարությունում գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարեց, որ սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերից այս տարի 400 միլիոն դրամ է հատկացվելու վերաբնակեցման նպատակներով, հայտնում է Հայաստանի հանրային ռադիոյի Ստեփանակերտի թղթակիցը:
Նշենք, որ վերջին տարիներին վերաբնակեցվող տարածքներում բնակարանաշինությունը հիմնականում իրականացվում էր այլ ծրագրերի շրջանակներում` օրինակ բազմազավակության խթանման ծրագրով, սիրիահայերին տեղավորելու նպատակով, առանձին դեպքերում գումարներ էին հատկացվում բնակարանային հրատապ հարցերը կարգավորելու համար, պետական բյուջեից բնակչությանը շինանյութերի տրամադրման ծրագիրը, որ գործում է տարիներ շարունակ` ավելի մեծ ծավալով հենց վերաբնակեցվող գյուղերում էր իրագործվում:
Բայց հստակ բնակարանաշինական ծրագրերը ֆինանսավորվում էին ոչ թե պետական բյուջեից, այլ բարեգործական ծրագրերով կամ տարբեր հիմնադրամներից: Նման մի ծրագիր այս օրերին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում է իրականացվում։