Նիդերլանդների Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին (լուսանկարներ)

18:22     16 նոյեմբերի, 2017

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի և ՆԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Բարձրաստիճան հյուրը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։

Տիկին Անկի Բրուկերս-Քնոլը նշել է. «Առաջին անգամ եմ թանգարանում և խորապես ցնցված եմ այն տառապանքներից, որոնք կրել է հայ ժողովուրդը։ Սարսափելի և ահավոր է»։ 


© armedia.am