0ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) նոյեմբերի 16-ին հայտարարությամբ են հանդես եկել Մոսկվայում նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա նոյեմբերի 16-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքներով:
Հանդիպումներին, որոնց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, համանախագահները նախարարների հետ քննարկել են հոկտեմբերի 16-ին Ժնևում նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացման կոնկրետ քայլերը, ինչպես նաև Ժնևում համանախագահների մատնանշած այլ խնդիրները, ասված է հայտարարությունում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում անցկացնել դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի շրջանակներում:
Հանդիպումների ընթացքում համանախագահները և նախարարները քննարկել են ներկայումս բանակցությունների սեղանին դրված մի շարք աշխատանքային առաջարկներ:
Համանախագահները պատրաստելու են նախարարների հանդիպման օրակարգը, որը կընդգրկի քաղաքական կարգավորման էական հարցեր, ինպես նաև շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներ: Հատուկ ուշադրության կարժանանա ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդարձակումն ավարտին հասցնելու խնդիրը, ասված է ղարաբաղյան կարգավորման միջնորդների հայտարարությունում: