ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով ՀՀ ԱԳ նախարարությանը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը Սերժ Սարգսյանը։
Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը: