Նոյեմբերի 20-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում մեջլիսի խոսնակի ընտրություններ կանցկացվեն: Այս մասին հայտնում է Արցախպրեսը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մեջլիսի նախագահի պաշտոնի համար առաջադրված է վեց թեկնածու՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից գործող նախագահ Իսմաիլ Քահրամանը և Թամեր Դաղլըն, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից Զեքերյա Թեմիզելը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Սելմա Ըրմաքը, «Ազգայնական շարժում» կուսակցությունից Ջելալ Ադանը և անկախ պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն:
Քահրամանը մեջլիսի նախագահի պաշտոնում էր ընտրվել 2015թ. նոյեմբերի 22-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: 2017-ի նոյեմբերի 22-ին լրանում է այդ պաշտոնում նրա գտնվելու ժամկետը:
Համաձայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներքին կանոնադրության՝ ամեն նստաշրջանում մեջլիսի նախագահի ընտրություն է կատարվում երկու անգամ՝ 2-ական տարով:
Մեջլիսի նախագահը կընտրվի գաղտնի քվեարկության միջոցով: