Գերմանիայի Քյոլն քաղաքում` քաղաքապետարանին պատկանող գերեզմանատանը, բացվել է հայ համայնքի կողմից կառուցված 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Այս մասին հայտնում է Akunq.net-ը՝ հղում կատարելով թուրքական Avrupa-Postasi-ին:
Քյոլնի քաղաքապետարանի խորհրդի գլխավոր հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համաձայն՝ հուշարձանը տեղադրվել է Lehmbacher Weg գերեզմանոցում։
Բացումը տեղի է ունեցել գերեզմանոցում կատարված կրոնական ծիսակատարությամբ, որի ընթացքում սև խաչքարի վրայից հանվել է ծածկոցը։
Ընդհանուր առմամբ 5 հազար հայ բնակիչ ունեցող Քյոլնում հայ-քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները դիմել էին Կանաչ տարածք հանձնաժողովին, որից հետո օրակարգ է եկել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման հարցը․ ավելի ուշ այն դրվել է Բողոքների հանձնաժողովի քննարկմանը։ 2015 թ․ մարտ ամսին գլխավոր հանձնաժողովը ընդունել է դիմումը։
Նշվում է նաև, որ Քյոլնի թուրքերի համերաշխության ու նախաձեռնության հարթակի խոսնակ Լևենթ Թաշքըրանին դուր չէր եկել այն փաստը, որ մուսուլմաններին պատկանող շրջանում գտնվող Lehmbacher Weg գերեզմանատանը Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է կանգնեցվել։