Ժամանակակից երեխաներին ամենից շատ անհանգստացնում են ահաբեկչության, կրթության ծացր մակարդակի և աղքատության հետ կապված խնդիրները: Ինչպես նշվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում, այս ամենը պարզել են ՅՈւՆԻՍԵՖ-ի փորձագետները՝ հարցում անցկացնելով 14 երկրներում: Մանկական հիմնադրամի ևս մեկ ուսումնասիրությունը վկայում է, որ աշխարհի 180 միլիոն երեխաներ իրենց ծնողներից ավելի վատ են ապրելու:
14 պետություններում, առավելապես աֆրիկյան երկրներում, աճում է այն երեխաների թիվը, ովքեր ապրում են օրական 2 դոլարից էլ քիչ գումարով: 21 երկրներում, ֆինանսական ճգնաժամերի, բռնության կտրուկ աճի և հակամարտությունների պատճառով կրճատվում է դպրոց հաճախող երեխաների թիվը: 19 երկրներում գնալով ավելի մեծ թվով երեխաներ են մահանում բռնությունից: Այդ երկրներից են Իրաքը, Լիբիան, Սիրիան, Ուկրաինան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը և Հարավային Սուդանը:
Միևնույն ժամանակ, երեխաներին և պատանիներին հուզում են ոչ միայն սեփական դժվարությունները, այլև այլոց խնդիրները, օրինակ՝ ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը, աղքատությունը, հակամարտությունները և միգրանտների ու փախստականների հանդեպ անարդար վերաբերմունքը:
14 երկրներում հարցմանը մասնակցած երեխաների կեսից ավելին դժգոհ են նրանից, թե ինչպես են մեծահասակները, այդ թվում՝ համաշխարհային առաջնորդները, լուծում իրենց առնչվող խնդիրները:
Ինչևէ, այն հարցին, թե ում կուզեին իրենք հրավիրել իրենց ծննդյան տոնին, երեխաների մեծ մասը նշել են Բարաք Օբամային, Կրիշտիանո Ռոնալդուին, Ջասթին Բիբերին և Թեյլոր Սվիֆթին: