Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը օրերս Սոչիում կայացած հանդիպմանը համաձայնել են, որ Սիրիայում ռազմական գործողությունը մոտենում է ավարտին և այժմ հարկավոր է անցնել քաղաքական կարգավորմանը:
«Կարծում եմ՝ այժմ ամենագլխավորն, իհարկե, քաղաքական գործընթացներին անցնելն է, և ես գոհունակությամբ եմ նշում Ձեր պատրաստակամությունն աշխատելու բոլոր նրանց հետ, ովքեր խաղաղություն ու կարգավորում են ցանկանում», - ասել է ՌԴ նախագահը: Ասադն իր հերթին հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի քաղաքական կարգավորման հարցում: «Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր իրոք շահագրգռված են քաղաքական կարգավորմամբ, մենք պատրաստ ենք նրանց հետ երկխոսություն վարել»,- ասել է Ասադը:
Նշենք, որ Սիրիայի նախագահի աշխատանքային այցը Ռուսաստան, որն, ի դեպ, երկրորդն է սիրիական հակամարտության ընթացքում, տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին սիրիական կարգավորման շուրջ Սոչում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանն ընդառաջ: Ակնհայտորեն նախագահները քննարկել են նոյեմբերի 22-ին կայանալիք բանակցություններին վերաբերող հարցեր. ամենայն հավանականությամբ Պուտինին հարկավոր են եղել երաշխիքներ, որ Իրանի և Թուրքիայի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները պաշտոնական Դամասկոսը պատրաստվում է իրականացնել: Իսկ Սոչիում Պուտինը, էրդողանը և Ռոհանին պատրաստվում են արդեն քննարկել ոչ թե հրադադարի հաստատում կամ դրա մոնիթորինգը, այլ հակամարտության քաղաքական կարգավորման հստակ քայլեր: Վերջին շրջանում բազմիցս հայտարարվել է, որ Սիրիայում հրադադարի հաստատումով հող է նախապատրաստվում քաղաքական կարգավորման համար: Մասնավորապես նախատեսվում է Սիրիայում տարբեր ուժերի միջև վստահությունը վերականգնելու նպատակով Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի կազմակերպում: Սակայն այս հարցում Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրներն ունեն մի շարք տարաձայնությունները՝ մասնավորապես Թուրքիան պնդում է, որ կոնգրեսին չմասնակցեն սիրիացի քրդերը: Վիճելի է մնում նաև երկրի քաղաքական կյանքում Ասադի հետագա մասնակցության հարցը, սակայն հարկ է նկատել, որ եթե նախկինում Ասադի հեռնալու հարցը Թուրքիայի համար քաղաքական կարգավորման նախապայմաններից էր, ապա այժմ դա բնավ այդպես չէ: Վերջին տարիներին սիրիական բանակը Ռուսաստանի օդա-տիեզերական ուժերի աջակցությամբ լուրջ հաջողությունների է հասել մարտի դաշտում՝ իր վերահսկողությունը հաստատելով երկրի տարածքի մեծ մասի նկատմամբ: Սա բնականաբար առաջիկա քաղաքական բանակցություններում չի կարող հաշվի չառնվել: