ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության ու «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի միջև պայմանագրերի ստորագրմամբ Չինաստանի Ցինտաո քաղաքում Հայաստանի հետ համագործակցության գրասենյակ է բացվել: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԺ հանրային կապերի վարչությունից, փոխանցում է NEWS.am-ը:
Չինաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը և առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը Ցինտաո այցի ընթացքում հանդիպել են «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի նախագահ Լու Ճանգի հետ: Հայաստանի դեսպանությունն ու «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնը նույնպես համագործակցության պայմանագիր են ստորագրել:
Հայաստանի համագործակցության գրասենյակի բացման շուրջ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի հետ բանակցում էին շուրջ կես տարի: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմից գրասենյակի գործառույթներն իրականացնելու են Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատն ու Արդյունաբերողների և գործարարների միությունը: Գրասենյակի գործառույթները տարածվելու են Չինաստանի հյուսիսային հատվածում՝ ընդգրկելով 19 նահանգ: