Նոյեմբերի 22-ին Արցախյան ազատամարտի հերոս, ռազմական գործիչ, ֆիզիկոս Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանի ծննդյան օրն է:
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։
1992 թվականի հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: