Օրերս ՌԴ Պետդուման միաձայն հաստատեց համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ Ռուսաստանում արտասահմանյան լրատվամիջոցները կարող են օտարերկրյա գործակալ ճանաչվել, եթե նրանց ֆինանսավորում են արտասահմանից։ Նախկինում այս մեխանիզմը տարածվում էր միայն ՀԿ-ների վրա:
ՌԴ Արդարադատության նախարարությունը հաստատել է, որ մի շարք լրատվամիջոցների արդեն նախազգուշացրել է նրանց օտարերկրյա գործակալ ճանաչելու հնարավորության մասին: Ծանուցումներ են ստացել «Ամերիկայի ձայնը», «Կավկազ․ Ռեալիի», «Ղրիմ․Ռեալիի», «Սիբիր․Ռեալիի», IdeLРеалии տարածաշրջանային նախագիծը, «Իրական ժամանակ» հեռուստաալիքը, «Ռադիո ազատ Եվրոպա/Ազատությունը (РСЕ/РС)», «Ազատություն ռադիոկայանի» թաթարա-բաշկիրական ծառայությունը, «Ֆակտոգրաֆ» նախագիծը։
Նշենք, որ օրենսդրական այս բարեփոխումները պատրաստվել էին ի պատասխան ռուսական Russia Today (RT) և Sputinik-ի նկատմամբ ԱՄՆ-ի իշխանությունների գործողությունների: Նոյեմբերի 13-ին RT America հեռուստաալիքըն ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի պահանջով ստիպված էր գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, որին Մոսկվան որոշեց հայելային արձագանքել:
Հատկանշական է, որ ամերիկյան Google ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ որոնողական համակարգում մտադիր են իջեցնել «պրոկրեմլյան լրատվամիջոցներ RT-ի և Sputnik-ի նյութերի կարևորությունը՝ ի պատասխան Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների՝ այլ երկրների ընտրություններին միջամտելու հետ կապված»:
Այնուամենայնիվ, Մոսկվան չի պատրաստվում անտեսել ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Роскомнадзор»-ն արդեն հայտարարել է, որ Google-ին հարցում կուղարկի`պարզելու իրավիճակը: Իր հերթին Google ընկերությունը ընդգծել է, որ առայժմ ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ կոնկրետ քայլեր չեն դիտարկվում:
Ավելի վաղ ԱՄՆ հետախուզական գործակալությունները պնդում էին, որ 2016թ. Մոսկվան օգնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթելու համար, ինչպես նաև փորձել է վարկաբեկել նրա մրցակից Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Հիլարի Քլինթոնին: Ռուսաստանի իշխանությունները մերժում են այդ մեղադրանքները: