Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան, պլանային փոխարինման շրջանակներում, ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորամասերից և ուսումնական կենտրոններից ժամանել են շուրջ հազար զինծառայողներ, որոնք ծառայում են զորակոչով:
Ինչպես տեղեկացրել են օկրուգի մամուլի ծառայությունում, զորամիավորման հրամանատարության նախաձեռնությամբ «Հայկական մշակույթի օրերի» անցկացման շրջանակներում որոշում է ընդունվել ներածական դասընթաց անցկացնել նոր ժամանած զինծառայողների հետ և նրանց համար էքսկուրսիա կազմակերպել հանրապետության տեսարժան վայրերով, որպեսզի զինծառայողները հնարավորություն ունենան ծանոթանալու Հայաստանի մշակութային ու պատմական ժառանգության հետ, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Հայաստանի մշակույթը, ավանդույթներն ու պատմությունը ճանաչելու նպատակով նոր ժամանած զինծառայողները ծանոթացել են զորամիավորման կյանքին ու կենցաղին, այցելել են «Մայր Հայաստան», «Պատվո բլուր», «Ռազմական փառքի» հուշահամալիրներ և պատմության թանգարաններ: Ռազմակայանի թանգարանում էքսկուրսիայի մասնակիցներին ցուցադրել են 300-ից ավելի ցուցանմուշներ, որոնք պահպանվել են Նիկոլայ Առաջին կայսեր կողմից 213 տարի առաջ Ալեքսանդրապոլում (Գյումրի) ռուսական առաջին կայազորի հիմնման պահից:
Երևանի զինվորական կայազորում նորակոչիկների համար ավելի ընդգրկուն մշակութային-ժամանցային և ռազմահայրենասիրական ծրագիր է պատրաստված, որը ներառում է այցելություն Հայրենական մեծ պատերազմի թանգարան, ազգային պատմության, հին ձեռագրերի թանգարան՝ Մատենադարան, հայերի 1915 թվականի ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Էջմիածնի մայր տաճար: