Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:
Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:
Նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բացի քաղաքական, իրավական և տնտեսական ոլորտներում համագործակցությունից նախատեսում է նաև այլ ոլորտներում համագործակցություն: Մասնավորապես, համաձայնագրի Մաս V-ի Գլուխ 1-ը նախատեսում է, որ կողմերը պետք է՝ ընդլայնեն և ամրապնդեն տրանսպորտի ոլորտում իրենց համագործակցությունը՝ կայուն տրանսպորտային համակարգերի զարգացմանը նպաստելու նպատակով, փորձեն ընդլայնել իրենց տարածքների միջև հիմնական տրանսպորտային հաղորդակցության ուղիները։
Նշվում է, որ տրանսպորտի ոլորտում համագործակցությունը պետք է ընդգրկի հետևյալ ոլորտները՝
ա) կայուն ազգային տրանսպորտային այնպիսի քաղաքականության մշակումը, որը ներառում է տրանսպորտի բոլոր տեսակները՝ մասնավորապես նպատակ ունենալով ապահովել շրջակա միջավայրը չվնասող, արդյունավետ, ապահով և անվտանգ տրանսպորտային համակարգեր.
բ) ոլորտային ռազմավարությունների մշակումը՝ ազգային տրանսպորտային քաղաքականության լույսի ներքո ճանապարհների, երկաթուղիների, ներքին ջրուղիների, ծովագնացության, ավիացիայի և ինտերմոդալության մասով, այդ թվում՝ գործողությունների իրականացման, վարչական պատասխանատվությունների, ինչպես նաև՝ ֆինանսական պլանների ժամանակացույցերն ու հենանիշները.
Համաձայնագիրը նախատեսվում է ենթակառուցվածքներին առնչվող քաղաքականության կատարելագործում, տրանսպորտին առնչվող նախագծերում մասնավոր հատվածի մասնակցության ակտիվացում և խթանում, ինչպես նաև համապատասխան միջազգային տրանսպորտային կազմակերպություններին և համաձայնագրերին միանալը, համագործակցությունն ու տեղեկությունների փոխանակում՝ տրանսպորտի բնագավառի այնպիսի տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման նպատակով, ինչպիսիք են օրինակ՝ ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերը։ Համագործակցությունը պետք է նաև միտված լինի ուղևորների և ապրանքների տեղաշարժի բարելավմանը՝ մեծացնելով Հայաստանի Հանրապետության, Եվրոպական միության և տարածաշրջանում երրորդ երկրների միջև տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկությունը, խթանելով միջսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը՝ վարչական, տեխնիկական և այլ տեսակի խոչընդոտները վերացնելու միջոցով, ընդլայնելով գոյություն ունեցող տրանսպորտային ցանցերի շահագործումը և զարգացնելով ենթակառուցվածքը՝ մասնավորապես Կողմերը միմյանց կապող հիմնական ցանցերում։
Տրանսպորտային ոլորտում համագործակցությունը պետք է ներառի սահմանային հատումները խթանող գործողություններ՝ հաշվի առնելով դեպի ծով ելք չունեցող երկրների առանձնահատկությունները, ինչին անդրադարձ է կատարվել համապատասխան միջազգային փաստաթղթերում։
Համագործակցությունը պետք է ներառի տեղեկությունների փոխանակումն ու համատեղ գործունեությունը նաև տարածաշրջանային մակարդակով՝ մասնավորապես նկատի ունենալով տարածաշրջանային տրանսպորտային համագործակցության այնպիսի միջոցառումների շրջանակներում արձանագրված առաջընթացը, ինչպիսին է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքը (ՏՐԱՍԵԿԱ), և տրանսպորտի ոլորտում միջազգային մակարդակով ձեռնարկված մյուս նախաձեռնությունները:
Oդային տրանսպորտի բնագավառում շուկայի փոխադարձ հասանելիության պայմանները պետք է դիտարկվեն Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև «Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին» համաձայնագրին համապատասխան։ Նախքան «Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին» համաձայնագիրը կնքելը Կողմերը չպետք է ձեռնարկեն այնպիսի քայլեր կամ գործողություններ, որոնք առավել սահմանափակող կամ խտրական են՝ նախքան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը առկա իրավիճակի համեմատությամբ։