Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է որպես ինքնավարության նախկին ղեկավար թոշակ ստանալուց, որը կարող էր կազմել տարեկան 112 հազար եվրո, հայտնում է Europa Press գործակալությունը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Պուչդեմոնն իրեն դեռևս համարում է ինքնավար մարզի ղեկավար: Իսպանիայի ֆինանսների և պետական ծառայողների գործերի նախարար Կրիստոբալ Մոնտորոն խնդրել է տասն աշխատանքային օրվա ընթացքում իրեն տեղեկացնել, թե Պուչդեմոնը՝ որպես Կատալոնիայի նախկին ղեկավար թոշակ պահանջել է արդյոք: Այն դեպքում, եթե ինքնավարության նախկին ղեկավարն աներ դա, ինքնաբերաբար կճանաչեր այն միջոցները, որոնց Մադրիդը հավանություն է տվել տարածաշրջանի իրադրության կարգավորման համար և որոնք նախատեսում են պաշտոնից նրա հեռացումը: