Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի այցը Լոս Անջելես՝ Հեռուստամարաթոնի նախօրեին

14:21     23 նոյեմբերի, 2017

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ով աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատոր Անթոնի Փորթանթինոյի և Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ, փոխանցում է Արցախպրեսը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Արմելլա Շաքարյանը և ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Կալիֆորնիայի միջև քաղաքական ու տնտեսական փոխգործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ, ձեռք բերել պայմանավորվածություն­ներ հետագա քայլերի շուրջ:

Պետնախարարն այնուհետև հանդիպել է Հայկական գործարար խորհրդի անդամներին՝ նրանց ներկայացնելով Արցախի տնտեսական ներուժը, ներդրումային գրավչությունն ու վերջին տարիների ձեռքբերումները: Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ վերջին 10 տարում Արցախում գրանցվել է տարեկան միջինը 10 տոկոս ՀՆԱ աճ, ինչն ամուր հիմքեր է ստեղծել անհամեմատ ավելի մեծ զարգացում արձանագրելու համար: Արդյունքում, հանրապետությունում աճել է նաև ներդրումային գրավչությունը՝ պայմաններ ստեղծելով տնտեսական փոխշահավետ նախագծեր իրագործելու ճանապարհին: Ա. Հարությունյանը կարևորել է հատկապես ներկա պայմաններում սփյուռքահայ կապիտալի մասնակցությունն Արցախի զարգացման գործում՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս բարենպաստ միջավայր ապահովել յուրաքանչյուր ներդրումային ծրագրի համար:

Ա. Հարությունյանը հեռուստամարաթոնի նախօրեին նաև հարցազրույց է տվել տեղական մի քանի լրատվամիջոցների՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումներին, ռազմաքաղաքական իրադրությանը և հարակից այլ հարցերի:

Ներկայացնում ենք Պետնախարարի գլխավորած պատվիրակության այցի վերաբերյալ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության տեսանյութային անդրադարձը:


© armedia.am