Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը նոյեմբերի 22-ին, հանդիպում է ունեցել Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ:
NEWS.am-ի փոխանցմամբ Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպան Մարտիրոսյանի ջանքերի շնորհիվ հայ-կանադական երկկողմ հարաբերություններն ավելի են զարգանալու համագործակցության բոլոր ուղղություններով:
Կողմերը մտքեր են փոխանակել խորհրդարանական ձևաչափում երկկողմ համագործակցությանն առնչվող նախագծերի վերաբերյալ` կարևորելով Հայաստանի և Կանադայի խորհրդարաններում գործող խորհրդարանական բարեկամության խմբերի միջև ակտիվ փոխգործակցության ծավալումը:
Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: ՀՀ դեսպանը Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահին տեղեկացրել է 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ կատարվելիք նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցեր: