Հայաստանն էլ է պատրաստ է ողջունել Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման արտահայտություն արեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցելության ժամանակ արված հայտարարությանը, թե Ռուսաստանը ուրախ կլինի, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Ադրբեջանի ԵԱՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ կողջունվի, եթե Ադրբեջանը կատարի ԵԱՏՄ թե՛ դիտորդ և թե՛ անդամ պետությունների համար սահմանված պարտավորությունները»,- ասաց Քոչարյանը` մեկնաբանելով, որ դա նշանակում է վերացնել Հայաստանի նկատմամբ տնտեսական շրջափակումը, դադարեցնել թշնամական գործողությունները, վերջ տա հայատյացությանը։
«ԵԱՏՄ մասին պայմանագրով անդամ կամ դիտորդ որևէ պետություն չպետք է որևէ քայլ ձեռնարկի ի վնաս այլ անդամ պետությունների կամ Եվրասիական տնտեսական միության։ Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն կերպ մոտենալ ԵԱՏՄ-ին, նա պետք է այդպիսի քայլեր չձեռնարկի»,- ասաց Քոչարյանը։