Թուրքիայի նախագահ Էրդողանը մոտ օրերս կայցելի Հունաստան: Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, հայտարարել է երկրի արտգործնախարար Չավուշօղլուն: Դա կլինի Թուրքիայի ղեկավարի առաջին այցը Հունաստան վերջին 65 տարիների ընթացքում. վերջին անգամ Հունաստան այցել է Թուրքիայի նախագահ Սելալ Բայարը 1952թ.-ին: Բացի այդ Չավուշօղլուն ակնկալում է, որ այդ այցը կկարևորվի է երկու երկրների համագործակցության զարգացման տեսանկյունից, փոխանցում է թուրքական Milliyet թերթը:
Այս հայտարարությունը տարբեր լսարաններում մեծ քննարկում առաջացրեց, սակայն պետք է հիշեցնենք, որ Էրդողանը 2010թ.-ին այցելել էր Հունաստան որպես Թուրքիայի վարչապետ, իսկ 2010թ.-ին՝ մինչև սահմանադրական բարեփոխումները, երկրի վարչապետը ուներ լայն լիազորություններ, ուստի այս այցը այնքան էլ աննախադեպ չէ, որքան թվում է առաջին հայացքից:
Դեռևս չեն հրապարակվում Թուրքիայի նախագահի այցի նպատակները և քննարկվելիք թեմաները, սակայն Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված: Եթե անգամ մի կողմ թողնենք պատմական անհաշտությունները, Հունաստան-Թուրքիա հարաբերությունները այսօր էլ հարթ չեն ընթանում: Լարվածության պատճառներից են, իհարկե, Կիպրոսի խնդիրը, Էգեյան ծովի ակվատորիայի և օդային տարածքի նկատմամբ վերահսկողությամ հարցը, 2016թ. հուլիսին Թուրիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող գյուլենականներին, ինչպես Թուրքիայի իշխանություններն են պնդում, Աթենքի կողմից ապաստան տրամադրելու խնդիրը և այլն:
Դեռ հուլիսին Կիպրոսի հարցի շուրջ Կրանս Մոնտանայի կոնֆերանսը տապալվեց, ինչում Հունաստանը մեղադրեց Թուրքիային և հայտարարեց, որ Կիպրոսը շարունակելու է պայքարը՝ օկուպացիայից դուրս գալու և վերամիավորվելու ուղղությամբ: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ կողմերը դեռ հեռու են համաձայնության հասնելուց:
Հիշեցնենք, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը սույն թվականի հոկտեմբերի 24-ին Թուրքիա կատարած այցի ժամանակ հրավիրել էր նախագահ Էրդողանին՝ այցելել Հունաստան: