Այսօր Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում իր ելույթում ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, փոխանցում է News.am-ը:
Տայանիի խոսքով՝ Եվրախորհրդարանն ամբողջ ուժով ջանում է հասնել համաձայնագրի ստորագրմանը և վիզաների ազատականացման գործընթացի ակտիվացմանը:
Տայանին հայտարարել է, որ ԵՄ-ն «կշարունակի ուս ուսի կանգնել» «Արևելյան գործընկերության» անդամ երկրների հետ՝ նշելով, որ Գագաթաժողովի ձեռքբերումները կարող են դրվել ապագա համագործակցության ավելի հավակնոտ մոտեցման հիմքում: «Ժամանակն է հաստատելու «Արևելյան գործընկերության» առավել հստակ հայեցակարգը՝ հիմնված ժողովրդավարական պլյուրալիզմի, մարդու իրավունքների հարգանքի և հիմնարար ազատությունների, իրավական պետության և արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, թափանցիկության մեծացման միջոցառումների և քաղաքացիական հասարակության մասնակցության վրա»,- նշել է նա: