ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում նոյեմբերի 24-ին ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն, անկասկած, Հայաստան-ԵՄ հարաբերություններում կդառնա նոր շրջափուլի մեկնարկ: Համաձայնագրի ստորագումն, անշուշտ, պետք է համարել ՀՀ արտաքին քաղաքականության մեծ ձեռքբերում, քանի որ, հայտնվելով ինտեգրացիոն գործընթացների խաչմերուկում, մեզ հաջողվեց շրջանցել նման իրավիճակներում անխուսափելի թվացող երկընտրանքի խնդիրը: Ինտեգրացիոն գործընթացների հակադրման փոխարեն հայկական կողմը որդեգրեց դրանց համադրման բանաձևը, ինչն այս տարիներին ապացուցեց իր իրատեսականությունը և արդյունավետությունը: ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը դրա վառ արտահայտությունն է:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը որոշիչ դերակատարություն կունենա ՀՀ եվրաինտեգրման գործընթացում՝ խթանելով համագործակցությունը և դրանից բխող բարեփոխումներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են արդարադատությունը, արդյունավետ պետական կառավարումը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, պաշտպանությունը և այլ: Հականշական է, որ համաձայնագրով ստեղծվող փոխգործակցության հնարավորություններն աննախադեպ են ՀՀ-ԵՄ հարաբերություններում:
Սակայն, այս համատեքստում կարևոր է գիտակցել, որ պայմանագրի արդյունավետ կիրառման համար կարևոր է ինչպես հայկական և եվրոպական կողմերի քաղաքական կամքը, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների ակտիվ ներգրավվածությունը: Պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի Համաձայնագրի իրականացման գործընթացը լինի թափանցիկ և մասնակցային: Կարևոր են նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի բովանդակության, ստեղծվող հնարավորությունների վերաբերյալ հանրության իրազեկման ուղղությամբ իրականացվելիք քայլերը:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրումը հանդիսանում է տարիներ շարունակ բարձրաձայնվող և հետևողականորեն իրականացվող ՀՀ կոմպլեմենտար քաղաքականության փայլուն օրինակ, որը հետագայում ևս կարող է էապես խթանել և նոր տեմպ հաղորդել երկրի առաջընթացին՝ ապահովելով զարգացում զուգահեռ մի քանի, մեզ համար կարևոր ուղղություններով: