Թերեզա Մեյն ու Դոնալդ Տուսկն ԱլԳ գագաթաժողովի շրջանակներում քննարկել են Brexit-ը

11:53     25 նոյեմբերի, 2017

Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը։ Նրանք փորձել են ելք գտնել Brexit-ի բանակցություններում առաջացած փակուղուց։

Այս պահի դրությամբ երկու ամենաբարդ խնդիրները Մեծ Բրիտանիայի ֆինանսական պարտավորություններն են ու Իռլանդիայի հետ սահմանի հարցը։

Բանակցություններից հետո Թերեզա Մեյը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում դրական մթնոլորտ է տիրել, եղել է զգացում, որ կողմերը ցանկանում են առաջ շարժվել։ «Ես ասացի, որ մենք կկատարենք մեր պարտավորությունները։ ԵՄ անդամ երկրներից ոչ մեկը չպետք է անհանգստանա, որ ավելի քիչ կստանա, կամ ստիպված կլինի ավելի շատ վճարել ընթացիկ բյուջետային պլանով։ Մենք կկատարենք մեր պարտավորությունները»,- ինչպես հայտնում է Euronews-ը, ասել է Մեյը։

Նա նաև ընդգծել է, որ չի ցանկանում խոչընդոտներ տեսնել Իռլանդիայի հետ սահմանին, բայց Իռլանդիայում արտահերթ ընտրությունները կարող են երկարաձգել գործընթացը։

Դոնալդ Տուսկն, իր հերթին, բանակցություններից հետո գրառում է կատարել Twitter-ում՝ նշելով՝ «Դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովի ժամանակ բանակցություններում բավական առաջընթաց հնարավոր է, բայց դեռ հսկայական խնդիրներ կան։ Մենք պետք է քայլեր տեսնենք բրիտանական կողմից տաս օրվա ընթացքում և բոլոր հարցերով, այդ թվում՝ Իռլանդիայի»,- նշել է նա։


© armedia.am