Ստամբուլի շենքերից մեկի նկուղներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է 15 պակիստանցի ներգաղթյալի մարմին, որոնք մահացել են արնահոսության պատճառով:
Դրա հետ մեկտեղ, ոստիկաններին հաջողվել է փրկել շուրջ 200 մարդու, որոնք ամիսներ շարունակ փակված են մնացել նկուղային հարկում:
Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիան` հղում կատարելով ABC Gazetesi-ին, կտտանքների ենթարկված պակիստանցիներից մեկին հաջողվել է փախչել ու իրավապահ մարմիններին պատմել, թե ինչ է տեղի ունենում այդ նկուղում։
Ոստիկանության հատուկջոկատայինները ձեռնարկված հատուկ գործողության ընթացքում ներս են խուժել և այնտեղ հայտնաբերել մոտ 200 ավելի պակիստանցու:
Ներգաղթյալները պատմել են, որ իրենց խաբեությամբ են բերել Թուրքիա՝ խոստանալով, որ կտեղափոխեն Հունաստան ու Իտալիա: Հանցավոր խմբավորման անդամներն ամեն օր եկել ու գումար են պահանջել բանտարկված պակիստանցիներից, ծեծել ու խոշտանգել նրանց:
Նկուղից դուրս բերված ներգաղթյալներից շատերին հոսպիտալացրել են: