Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծով ջրի սակագնի 11.4 դրամով թանկացումը մանրածախ սպառողների համար կսուբսիդավորվի ողջ 2018 թվականի համար։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեից։
«Վարչապետի կողմից տրված հանձնարարականը վերաբերում էր 2018 թվականին, ըստ այդմ՝ կառավարության կողմից սուբսիդավորման ժամանակահատվածը ընդգրկում է 2018թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը: Սուբսիդավորման ժամանակահատվածը հաշվարկվում է բյուջետային տարվա կտրվածքով»,-ասված է պատասխանում։
2017 թվականի նոյեմբերի 22-ին ՀԾԿՀ-ն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչը ՀԾԿՀ նիստի ժամանակ հայտնեց, որ ջրի սակագնի 11.4 դրամ թանկացումը սուբսիդավորվելու է «Վեոլիա ջուր» ընկերության վարձակալության գումարների հաշվին և որ իրենք սահմանված ժամկետում կառավարություն կներկայացնեն որոշման նախագիծը։