ԱՄՆ ՊՆ-ն շարունակում է զենք մատակարարել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական ջոկատներին, որոնք պայքար են մղում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ, հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Մենինգը։ «Մենք հենց սկզբից հստակ հասկացնել ենք տվել Թուրքիային, որ զենքի մատակարարումները քրդական ջոկատներին կլինեն սահմանափակ, առաքելությունը՝ հստակ», - ասել է նա։ Մենինգի խոսքերով ներկա պահին Պենտագոնը պարզապես դիտարկում է քրդերին ռազմական աջակցություն ցուցաբերելու առաջնահերթությունների փոփոխման հնարավորությունը:
Նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ամբողջովին դադարեցնել սիրիացի քրդերին զենքի մատակարարումը: Վաշինգտոնում Չավուշօղլուի այս հայտարարությունը շտապեցին հերքել՝ նշելով, որ հարցը քննարկվել է, սակայն Թրամփը նման խոստում չի տվել:
ԱՄՆ-ում քրդերի հետ կապված միանգամայն այլ նպատակներ ունեն. սիրիական հակամարտության 6 տարիների ընթացքում տարածաշրջանում այժմ ամերիկյան հիմնական դաշնակիցը սիրիացի քրդերն են, ովքեր, ըստ Syrian Civil War Map-ի տվյալների, վերահսկում են երկրի տարածքի 27 տոկոսը: Ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում տարածաշրջանում ամերիկյան շահերի պաշտպանության տեսանկյունից Վաշինգտոնում քրդերի հետ համագործակցության իրատեսական այլընտրանք չունեն, ուստի դժվար թե հիմա տեղի տան քրդերի հետ համագործակցությունը դադարեցնելու Անկարայի պահաջին:
Պենտագոնում արդեն հատարարել են Սիրիայում իրենց ռազմական ներկայությունն ավելացնելու մասին: Նոր հրապարակված տվյալների համաձայն՝ Սիրիայում տեղակայված է 1720 ամերիկացի զինվորական, ինչը երեք անգամ ավելի է Սիրիայում ամերիկացի զինվորականների նախկինում հաղորդվող թվաքանակից: Նշենք, որ ամերիկացի զինվորականները գլխավորապես տեղակայված են քրդերի կողմից վերահսկվող տարածքներում: Ամերիկյան պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնում մտադիր են քրդաբնակ շրջաններում տեղական կառավարման նոր մարմին ստեղծել: Խոսքը՝ քրդական ինքնավարության մասին է:
Սակայն, սիրիական հակամարտության հանգուցալուծման ամերիկյան այս տեսլականը Թուրքիայի համար ամենաանթույլատրելի տարբերակն է, և Անկարան ամեն կերպ փորձելու է կանխել նման զարգացումները: Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիկլին արդեն հայտարարել է Սիրիայի քրդաբնակ Աֆրին գավառում առաջիկա օրերին գործողության անցկացման հնարավորության մասին։ Այսպիսով, Սիրիայում սպասվում է թուրք-ամերիկյան առճակատման լուրջ խորացում, ինչը բացասական ազդեցություն կունենա այսօր Ժնևում մեկնարկած միջսիրիական երկխոսության վրա: Սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հարցում առաջընթացի գլխավոր նախապայմանը Սիրիայի ապագայում Ասադի ճակատագրի շուրջ համաձայնությունն է կողմերի միջև: Սակայն, Անկարայում և Վաշինգտոնում այս հարցի շուրջ համաձայնությունն անուղակիորեն կապում են քրդական հիմնախնդրի հետ: