Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգիրքն, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականից, էականորեն նվազեցնելու են բիզնեսի այլընտրանքային ծախսերը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, փոխանցում է 1in.am-ը:
«Դա արտահայտվում է նրանով, որ ժամանակային, հայտարարագրման գործընթացի և ապրանքների բացթողնման առումով ժամանակի էական կրճատում ենք ունենալու: Օրինակ, ապրանքների բացթողնման համար 1 աշխատանքային օրվա ժամկետը կրճատվում է մինչև 4 ժամվա, այսինքն` կարող ենք արձանագրել շուրջ վեց անգամ ժամանակի կրճատում»,- ասել է պաշտոնյան:
Ինչ վերաբերում է ապրանքների հայտարարագրման գործընթացի բարելավմանը, ապա, եթե ներկայում մաքսային հայտարարագիրը ընդունվում կամ մերժվում է երկու ժամվա ընթացքում, մյուս տարվանից այն կրճատվելու է 1 ժամվա:
Բացի այդ` կամավորության հիմունքով ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման գործընթացում կանխավճարային համակարգը: Միրումյանի խոսքով, եթե ապրանքները ներմուծվում են գիշերային ժամերին ու հնարավոր չի լինում վճարումներ կատարել, այս համակարգի միջոցով կարելի է նախապես վճարել ու հայտարարագրումից անմիջապես հետո կանխավճարային հաշվից ավտոմատ կպակասեցվի այնքան գումար, որքան արտացոլված է մաքսային հայտարարագրում` ապահովելով ապրանքների բացթողումը: