Հյուսիսային Կորեան բալիստիկ նոր հրթիռ է փորձարկել

10:07     29 նոյեմբերի, 2017

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին: Փհենյանի պնդմամբ այդ նոր հրթիռը, որը ստացել է «Խվասոն-15» անվանումը, կարող է խոցել թիրախներ ԱՄՆ ողջ տարածքում:

Փհենյանի հայտարարության մեջ նշվում է, որ այս նոր բալիստիկ հրթիռը կարող է միջուկային մարտագլխիկ կրել, և այն զգալիորեն հզոր է իր նախորդներից: Հրթիռի փորձարկմանը ներկա է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռի արձակման մասին: Հարավկորեական հետախուզության տվյալներով հրթիռը բարձրացել է 4.5 կմ՝ անցնելով 950 կմ հեռավորություն և ընկել է Ճապոնական ծով:


© armedia.am