Մադրիդում խինկալիի և խաչապուրիի պատճառով սկանդալ է սկսվել հայերի և վրացիների միջև

18:01     29 նոյեմբերի, 2017

Մադրիդում սկանդալ է հասունացել հայերի և վրացիների միջև:

Ինչպես հայտնում է  Rusarminfo.ru-ն՝  վրացիները սկսել են սպառնալ հայկական Gayane’s ռեստորանի տերերին, քանի որ վերջիններս իրենց այցելուներին հայկական կերակրատեսակների կողքին առաջարկում են նաև վրացական խինկալի և խաչապուրի:

Հայկական ռեստորանի տերեր`ամուսիններ Զարուհի Պարունակյանը և Անտոն Ռայչևին պատմում են, որ Մադրիդի  հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, որի մայրը վրացի է, Gayane’s ռեստորանի մասին հղում էր տարածել ֆեյսբուքի վրացական խմբերից մեկում, որպեսզի օգնի իրազեկել հայկական հաստատության մասին:

«Հաջորդ օրն ամուսինս տեսել է, որ վրացիները տարածում են ռեստորանի մասին նույն հղումը` հայ ժողովրդի մասին վիրավորական մեկնաբանություններ գրելով: Պատճառն այն է, որ մեր ռեստորանի ճաշացանկում կա խաչապուրի և խինկալի: Ընդ որում նշված է, որ դրանք վրացական խոհանոցի ճաշատեսակներ են: Սակայն վրացիները չգիտես ինչու սկսել են մեզ մեղադրել, թե մենք այդ ճաշատեսակները հայկական ենք ներկայացնում և պահանջել են դրանք ընդհանրապես չպատրաստել հաճախորդների համար»,- ասել է Զարուհի Պարունակյանը:

Նրա խոսքով՝  իրենք սկսել են վրացիներից  ինչպես ռեստորանի, այնպես էլ իրենց հասցեին վիրավորանքներ ստանալ: 

Զարուհիի ամուսնինը, ով ազգությամբ բուլղարացի է, նշում է, որ սպառնալիքները գալիս են հիմնականում վրացի ազգայնամոլներից, որոնք չեն կարողանում լսել հայկական կողմի փաստարկները:

Նշվում է, որ ամուսինները ոստիկանություն են դիմել: Մադրիդի ոստիկանությունն այս կապակցությամբ հետաքննություն է սկսվել:  


© armedia.am