Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստը, որին մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներ, անվտանգության խորհրդի քարտուղարներ, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ։ Նիստի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների տարածման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի հիմնախնդիրներ, հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը:
Նիստի շրջանակներում, պաշտոնական այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների իր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
Այս տարի լրանում է ՀԱՊԿ ձևավորման 25-ամյակը։ Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։1992 թվականի մայիսի 15-ին, Տաշքենդում, ստորագրվեց Հավաքական անվտանգության պայմանագիրը, ինչը սկիզբ դրեց կառույցի գործունեությանը։