Այժմ, երբ Սիրիայի և Իրաքի մղած պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, կարծես թե, ավարտին է մոտենում, կան կարծիքներ, որ ԱՄՆ-ը որոշակի փոփոխություններ կմտցնի Սիրիայի հակամարտության հարցում իր քաղաքականության մեջ:
Այս մոտեցումն ավելի ամրապնդվեց, երբ այս շաբաթվա սկզբին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Միացյալ Նահանգները մտադիր է կրճատել ռազմական աջակցությունն Իրաքում և Սիրիայում «իսլամական պետության» դեմ պայքարող խմբերի համար: Այդուհանդերձ, նա ավելացրել է, որ դա չի նշանակում, որ Վաշինգտոնն ամբողջովին կդադարեցնի այդ խմբերին ուղղված աջակցությունը, հաղորդում է Reuters-ը:
Իր հերթին Պենտագոնը երկուշաբթի հայտարարել է, որ վերանայում է Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական ուժերի համար զենքի «համալրումները», հաղորդում է Politico-ն:
Հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել անցած ուրբաթ օրը, որի հիման վրա Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե ամերիկացիներն այլևս զենք չեն մատակարարի Քուրդ ժողովրդի պաշտպանական միավորներին (YPG):
Պետք չէ մոռանալ, որ այս տարվա մայիսին նախագահ Թրամփն ամերիկյան ռազմական հրամանատարների խորհրդից հետո որոշում կայացրեց զինել Սիրիայի դեմոկրատական ուժերին՝ «Իսլամական պետության» դե ֆակտո մայրաքաղաք Ռաքայի վրա վերջին հարձակումն իրականացնելու համար՝ չնայած թուրքական կողմի ընդդիմությանը: Իսկ հիմա, երբ Ռաքայում գործողությունը, կարծես, ավարտված է, ԱՄՆ-ում քրդական ուժերի նկատմամբ քաղաքականության մեջ որոշակի «ճշգրտումներ» կատարելու քննարկումներն ավելի քան բնական են հնչում: Բայց արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի քրդերին զինելը:
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն արդեն ընդունել են 2018 թ. Ազգային պաշտպանության թույլտվության մասին ակտը, որով նախատեսվում է ևս 500 մլն դոլար հատկացնել Սիրիային ԻՊ դեմ պայքարի համար մինչև հաջորդ սեպտեմբեր: Այսպիսով, եթե նախագահը հավանություն տա այդ օրինագծին, ակնհայտ կդառնա, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիայում:
Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ օրս կարծես հետևում էր իր ռազմական հրամանատարների խորհրդին, չնայած արտասահմանում օտարերկրյա զինյալների թիվը նվազեցնելու մասին իր հայտարարություններին: Դրա ապացույցը Սիրիայում աստիճանաբար աճող ԱՄՆ զորքերի քանակն է, որոնք տարածվել են հատկապես Սիրիայի հյուսիսում, հաղորդում է AP News-ը:
Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նա հստակ նշել է, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել Սիրիայի քրդերին իրենց աջակցությունից՝ ի հիասթափություն Թուրքիայի:
Իր հերթին, ԻՊ դեմ պայքարող ՆԱՏՕ-ի կոալիցիայի մամլո քարտուղար գնդապետ Ռայան Դիլոնը նշել է վերջին հայտարարության մեջ. «Կոալիցիան հավատարիմ է Սիրիայում ԻՊ ռազմական պարտությանը: Սիրիայի դեմոկրատական ուժերը պետք է ավարտին հասցնեն մնացած տարածքների ազատագրումը, և մենք նաև կաջակցենք անվտանգության գործողություններին, որոնք կայունացում կապահովեն այդ տարածքներում», - հաղորդում է The Daily Beast-ը:
Այսպիսով, եթե իրականում ԱՄՆ-ը չի պատրաստվում ռազմական օգնությունից զրկել քրդերին, ինչո՞վ են պայմանավորված տարածված լուրերը:
Նախ, առաջին անգամը չէ, որ Թուրքիան փորձում է մեկնաբանել գործընկերների խոսքերն այնպես, ինչպես հարմար է իրեն: Այս անգամ էլ թուրքական իշխանությունները հասկացան Թրամփի խոսքերն ինչպես ցանկանում էին, որից հետո ԱՄՆ-ն փորձեց «ուղղել» թյուրիմացությունը դիվանագիտական ճանապարհով՝ տարբեր պաշտոնյաների հայտարարությունների միջոցով:
Երկրորդ, Թրամփի վարչակազմը կարող է այդ կերպ փորձել սիրաշահել ՆԱՏՕ-ի իր դաշնակցին, որը վերջերս փորձում է եռակողմ ձևաչափով համագործակցել այնպիսի տարածաշրջանային խաղացողների հետ, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը:
Երրորդ, ԱՄՆ-ը կարող է նման կերպ նախազգուշացնել քրդերին, որ իրենք կարող են կասեցնել ռազմական օգնությունը, եթե վերջիններս նախաձեռնեն այնպիսի գործողություններ, որոնք ԱՄՆ-ի շահերին չեն համընկնում, հաղորդում է Global Research-ը:
Սրանք այն հնարավոր պատճառներն են, որոնք հանգեցրել են Սիրիայում քրդական ուժերի ԱՄՆ ռազմական օգնության հավանական դադարեցման մասին լուրերի տարածմանը: Այնուամենայնիվ, իրականում չկա հիմք ենթադրելու, որ ԱՄՆ-ն իր աջակցությունից կզրկի քրդերին՝ առնվազն մոտ ապագայում:
Նախ, քրդերը շարունակում են մնալ ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները Սիրիայում, և կորցնելով նրանց, Միացյալ Նահանգները մեծապես կորցնում են իրենց լծակներն այնտեղ: Բացի այդ, Թրամփի վարչակազմը, կարծես, հասկանում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախորդ վարչակազմերի անցյալի փորձից, որ ուժերի վաղաժամկետ դուրս բերումը կհանգեցնի ուժային վակուումի, որը կխթանի քաոսը հակամարտությունների մեջ խրված երկրներում, ինչպիսին Սիրիան է: