Բերձորի մարզադպրոցի շենքը կվերակառուցվի

14:37     2 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ կվերակառուցվի է Բերձորի մարզադպրոցի գործող շենքը, հայտնում է Artsakh Press-ը:

Շենքում տեղակայված է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժինը:

«Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանն ասել է, որ հավաքագրված միջոցներով առաջին հերթին քաղաքի կենտրոնում նախատեսվում է կառուցել արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժնի շենքը:

Այնուհետև սկսվելու է Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցումը, որն ընթանալու է մի քանի փուլերով և իր մեջ ներառելու է երկու մարզադահլիճ, վարչական շենք, սանհանգույց, տարբեր մարզաձևերի համար նախատեսված սենյակներ:

Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանը նշել է, որ մարզադպրոցը նախատեսված է 170 աշակերտի համար:

«Ըստ ծրագրի՝ լինելու է շախմատի, ձեռքի գնդակի, բասկետբոլի, ձյուդոյի, ֆուտբոլի համար նախատեսված սենյակներ, ինչը բավարարելու է առկա պահանջներին»,- ասել է Կ. Մովսիսյանը և ավելացրել, որ  ներկա պայմանները բավարար չեն մարզադպրոցի պարապմուքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

 


© armedia.am