Փարիզում Թուրքիայի նախկին դեսպան Հաքքը Աքիլի վրա հյութ լցրած ֆրանսահայ ուսանողները Նանտերի դատարանի կողմից դատապարտվել են պայմանական ազատազրկման:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «arti33.com» լրատվակայքին, Փարիզի Դեկարտ համալսարանում թուրք դեսպանի վրա հարձակված հայ ուսանողը դատապարտվել է 3 ամսվա պայմանական ազատազրկման, իսկ հարձակման տեսագրությունը սոցցանցերում հրապարակած անձը՝ 1 ամսվա պայմանական ազատազրկման:
Եթե վերջիններս սահմանված փորձաշրջանի ընթացքում օրինակելի վարք դրսևորեն, ապա կազատվեն բանտում պատիժը կրելու անհրաժեշտությունից, միաժամանակ, ինչպես մեկնաբանել են փաստաբանները, այդ պատիժը չի արձանագրվի որպես դատվածություն:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտին Փարիզի Դեկարտ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում կազմակերպված «Աշխարհիկությունը Թուրքիայում և Ֆրնասիայում» խորագրով գիտաժողովի ժամանակ ելույթ ունեցող թուրք դեսպանին էր մոտեցել մի երիտասարդ և նրա վրա ներկված հեղուկ, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ նռան հյութ էր թափել: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ հարձակումն իրականացրած և այն տեսագրած երիտասարդները ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացիներ են: