Դեկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:
ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Քրիստիդիսը գոհունակություն է հայտնել կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը և դրա առաջնահերթություններին։
Էդվարդ Նալբանդյանը և Մայքլ Քրիստիդիսը քննարկել են ՍԾՏՀԿ շրջանակներում փոխգործակցության առաջնային ուղղությունները, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանականերում կազմակերպության կանոնադրությանը և սկզբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։