ԱՄՆ կհայտարարի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, CNN հեռուստաալիքով:
Ակնկալվում է, որ ամերիկացի առաջնորդը կփորձի մեղմացնել հայտարարությունը պաղեստինցիների համար՝ նշելով միայն Արևմտյան Երուսաղեմը (Պաղեստինը հավակնում է քաղաքի արևելյան մասին), հաղորդում է Lenta.ru-ն:
Պաղեստինցիները պնդում են, որ ապագա Պաղեստինյան պետության մայրաքաղաքը պետք է տեղակայվի Երուսաղեմի արևելյան մասում: Վաշինգտոնը հանդես է գալիս պաղեստինցիների և իսրայելցիների միջև Երուսաղեմի կարգավիճակի շուրջ բանակցությունների առաջարկով:
Երուսաղեմին մայրաքաղաքի կարգավիճակ տալը լայն արձագանք է ստացել Իսրայելի հարակից երկրների կողմից, որոնք ոչ միանշակ են արտահայտվել:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, դա կնշանակի «խաղաղ գործընթացի ամբողջական ոչնչացումը»:
Իսկ Պաղեստինի Իսլամական դատարանի նախագահ Մահմուդ Հաբաշը հայտարարել է. «Աշխարհը ծանր գին է վճարելու», եթե Երուսաղեմի կարգավիճակը միակողմանի փոխվի Միացյալ Նահանգների կողմից:
Եգիպտոսի և Հորդանանի արտաքին գործերի նախարարները կոչ են արել իրենց ամերիկյան գործընկեր Ռեքս Թիլլերսոնին խոչընոտել Սպիտակ տան կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը:
Նրանք ԱՄՆ պետքարտուղարին հայտնել են, որ այդ որոշումը կփոխի ԱՄՆ տասնամյակների արտաքին քաղաքականությունը, ինչը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում բռնության բռնկման և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացի փլուզման:
Մասնավորապես, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին հիշեցրել է Թիլլերսին, որ երբ խոսքը վերաբերում է Երուսաղեմի դիվանագիտական կարգավիճակին, պետք է շատ զգույշ լինել նրա պատմական և կրոնական նշանակությունը հաշվի առնելով: Նա նշել է, որ այս խնդիրը կարևոր է ոչ միայն պաղեստինցիների համար, այլև մնացյալ արաբական և մահմեդական աշխարհի համար:
Երուսաղեմի կարգավիճակի մասին հարցը գոյություն ունի 1967 թվականից, երբ Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը հինգ անգամ ավելացրեց իր տարածքը և որ ամենակարևորն է՝ ձեռք բերեց վերահսկողություն Երուսաղեմի վրա, որտեղ կան հրեական սրբավայրեր: Երկրների մեծ մասը չի ճանաչում այդ փոփոխությունները և պարբերաբար դատապարտում է օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությունը, քանի որ նրա կարգավիճակը պետք է որոշվի Իսրայելի և Պաղեստինի միջև: Վերջինս նույնպես ցանկանում է Երուսաղեմը հայտարարել իր մայրաքաղաք, գրում է MK-ն:
ԱՄՆ-ն տևական ժամանակ ստիպված էր հավասարակշռել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իր կարևոր դաշնակիցներ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի շահերը: Սակայն ներկայիս նախագահի վարչակազմը հստակորեն համակրում է Իսրայելին, քան իր արաբական ընկերներին: Հետևաբար, կարող ենք Թրամփից ակնկալել վճռական գործողություններ: