Լիբանանի ներքին քաղաքականության վերջին զարգացումների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց լիբանանահայ անկախ բլոգեր / հետազոտող և Նոր արևելյան քաղաքական ֆորումի հիմնադիր՝ Եղիա Թաշչյանի հետ:
- Լիբանանի վարչապետը, կարծես թե, փոխել է ծրագրերը և չի պատրաստվում հրաժարական տալ: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
- Թվում է, թե Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին փորձում է հետ վերադառնալ: Սա չի նշանակում, որ մտափոխվել է իր հրաժարականի դիմումի հարցում, պարզապես սպասում է նախագահ Միշել Աունի հետ ունեցած երկխոսության և հանդիպումների արդյունքներին: Նախագահը և վարչապետը, կարծես, լավատես են, որ ձեռք կբերվի նոր գործարք:
Հըզբոլլահի հռետորաբանությունը ևս մեղմացել է: Հըզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյիդ Հասան Նասրալան ողջունել է նախագահի ցանկացած նախաձեռնություն: Ավելին՝ վարչապետի ժողովրդականությունը մեծացել է: Անկախության օրը (նոյեմբերի 22-ին), նա ժողովրդի առջև հանդես եկավ հրապարակային ելույթով, մինչդեռ վերջին մի քանի տարիների ընթացքում Հարիրին խուսափել է մարդկանց հետ շփումից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն այժմ նա ձայների կարիք ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որոնք կկայանան 2018-ի մայիսին: Հարիրին կվերադառնա միայն այն դեպքում, եթե Հըզբոլլահը զիջի և չմիջամտի Ծոցի գործերին:
Ենթադրում եմ, որ Հեզբոլլահը որոշ հարցերում կարող է փոխզիջումներ անել, օրինակ, կարող է որոշ զորքեր դուրս բերել Սիրիայից, ինչպես նաև մեղմացնել տոնայնությունը Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Բայց չեմ կարծում, որ Հըզբոլլահը կարող է փոխզիջման գնալ որևէ ներքին հարցի շուրջ: Լիբանանի իշխանության հավասարակշռությունը դեռևս հօգուտ Հըզբոլլահի և դրա դաշնակիցների է:
- Ի՞նչ հետագա զարգացումներ ակնկալել: Կարո՞ղ ենք ասել, որ ճգնաժամը հաղթահարված է:
- Թույլ տվեք պարզեցնել, որ քաղաքացիական պատերազմն ընդհանրապես քննարկման ենթակա չէ: Որոշ լրատվամիջոցներ սկսել էին շահարկել, թե Լիբանանը գտնվում է քաղաքացիական պատերազմի եզրին: Քաղաքացիական պատերազմի համար անհրաժեշտ են երկու զինված հակամարտող կողմեր, ինչպես նաև պետք է լինի իշխանության որոշակի հավասարակշռություն: Մենք չունենք: Ավելին՝ քաղաքական էլիտաները հսկայական ներդրումներ ունեն, և ոչ ոք պատրաստ չէ սպառնալ երկրում իր ունեցած ֆինանսական կամ քաղաքական ներդրումներին:
Սաուդյան Արաբիան չի կարող նման ռազմական գործողություններ ձեռնարկել՝ հաշվի առնելով Եմենում իր խնդիրները: Իսրայելը պատերազմ կսկսեր, եթե համոզված լիներ, որ կհաղթի Հըզբոլլահին: 2006-ի պատերազմն այլ բան ապացուցեց: 11 տարի է անցել, և այդ ժամանակահատվածում Հըզբոլլահի զինյալները ռազմական փորձ են ձեռք բերել Սիրիայում և Իրաքում:
Լիբանանում ճգնաժամը չի ավարտվել, դա դարպաս է, որը կարող է հանգեցնել մեկ այլ ճգնաժամի: Լիբանանում գործարքները ժամանակավոր են: Իսկ Լիբանանի ներքին ցանկացած փոփոխություն արտացոլվում է նաև տարածաշրջանում: Մենք կարող ենք ակնկալել փոփոխություն միայն այն դեպքում, եթե խոշոր խաղացողները հետաքրքրություն չունենան ներկա համակարգի նկատմամբ: Այս պահին, կարծես թե, բոլորը ցանկանում են պահպանել համակարգը: