Հիշեցնենք, որ Թերեզա Մեյը հանդիպումներ է անցկացնում եվրոպացի իր գործընկերների հետ՝ նախատեսվող համաձայնագիրն ավարտին հասցնելու համար, որպեսզի այն պատրաստ լինի 10 օրից՝ դեկտեմբերի 14-15-ին կայանալիք՝ ԵՄ առաջնորդների գագաթաժողովին: Կարևոր է նշել, որ համաձայնագրի վերջնական տեքստը, որը պարունակում է բրիտանական կողմի առաջարկները, պետք է հաստատման փուլ անցնի Բրիտանիայի և Իռլանդիայի խորհրդարաններում:
Ստացվում է, որ Իռլանդիան կարողացավ Բրիտանիայից ստանալ իրեն անհրաժեշտ զիջումները: Բանն այն է, որ այս հարցում Իռլանդիան վայելում էր ԵՄ-ի աջակցությունը. ավելի վաղ Տուսկը նշել էր, որ եթե Լոնդոնի առաջարկները Դուբլինի համար անընդունելի լինեն, դրանք անընդունելի կլինեն նաև ԵՄ-ի համար:
Ներկայումս, իհարկե, Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանը «թափանցիկ» է, քանի որ երկուսն էլ Եվրոպական Միության անդամ են, իսկ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո Իռլանդիան Միության հետ սահման չի ունենա: Այսպիսով, սահմանային հարցը, կարծես, դարձել է Լոնդոնի ու Բրյուսելի միջև BrExit-ի շուրջ բանակցությունների ամենաառանցքային խնդիրներից մեկը:
Առանցքային մյուս հարցերն են Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների խնդիրը և այսպես կոչված «ամուսնալուծության» մասին օրենքը:
Այսպիսով, ԵՄ-ն, Բրիտանիան և Իռլանդիան երկարատև բանակցություններից հետո, կարծես թե համաձայնության են եկել: Չնայած այս ամենին՝ կողմերը դեռ հսկայական աշխատանք ունեն տանելու՝ BrExit-ի գործընթացը ավարտին հասցնելու և վերջնական համաձայնության գալու համար: