Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում սուրճի ապրանքանիշ ստեղծել: Այս մասին նա հայտնել է Expert պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Խոսելով իր հետագա ծրագրերի մասին` երաժիշտը մասնավորապես նշել է. «Այսօր ամենակարևորը իմ ընտանիքն է, իմ որդին: Նրա հետ ժամանակ անցկացնելն ինձ համար ավելի արժեքավոր է, քան աշխարհում որևէ այլ բան: Ես կզրոյացնեի իմ ամբողջ երաժշտությունը նրա միայն մեկ ժպիտի համար: Եթե խոսենք ստեղծագործական կյանքի մասին, ապա դա հենց այն է, ինչով ես այժմ զբաղվում եմ: Ես կշարունակեմ երաժշտություն գրել: Բացի այդ ես նաև մի քանի գաղափար ունեմ, որոնցից մեկն էլ Հայաստանում սուրճի ապրանքանիշ հիմնելն է, քանի որ դա այն բաներից է, որ ես իսկապես սիրում եմ: Կան բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք ես կցանկանայի փորձել: Տեսնենք՝ դեպի ուր կգնամ»: