Վրաստանում կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

11:09     5 դեկտեմբերի, 2017

Ախալքալաքի շրջանային ժողովի` «Վրաստանի հայրենասերների ալյանս» կուսակցության պատգամավորները հայտարարություն են ընդունել, որով կոչ են անում վրացական իշխանություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն:

Տարածած հայտարարության մեջ պատգամավորներ Զաքար Զաքարյանը, Սամվել Պետրոսյանը, Գենադի Էլիզբարյանը, Սիմոն Մանանյանը և Սարգիս Ուզունյանը կոչ են անում երկրի խորհրդարանին ՝ հետևել շատ առաջադեմ երկրների օրինակին և ճանաչել ու դատապարտել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը:

Փաստաթղթի հեղինակները կոչ են արել նաև Վրաստանի խորհրդարանում հայաբնակ Ջավախքի պատգամավորին՝ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանի լիագումար նիստում:

Վրաստանը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչող կամ դատապարտող դեռ ոչ մի փաստաթուղթ չի ընդունել:


© armedia.am