Բրազիլական Բոն-Ժարդին քաղաքի 27-ամյա քաղաքապետ Լիդիանա Լեյտեն, ով հեռավորութունից կառավարել է քաղաքը WhatsApp-ի միջոցով, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ պետբյուջեից 4.5 մլն ֆունտ գողանալու համար, հայտնում է Independent-ը։
Պատմությունը սկսվել է դեռ 2012 թվականին, երբ նրա նախկին սիրեցյալ Բետո Ռոշան որոշել է առաջադրվել քաղաքապետի պաշտոնում։ Եվ քանի որ բրազիլական օրենքներն արգելում են կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց քաղաքական որևէ պաշտոն զբաղեցնել, նրա փոխարեն պաշտոնը զբաղեցրել է Լիդիանան և իր 44-ամյա բոյֆրենդին նշանակել է իր գլխավոր խորհրդական։
Քաղաքագլուխն անձամբ հեռացել է Սան Լուիս քաղաք, որտեղ բավականին ակտիվ կյանքով է ապրել, իսկ պարտականությունները կատարել է WhatsApp-ի միջոցով։
Կոռուպցիոն սխեման սկսել է փլուզվել այն բանից հետո, երբ զույգը խզել է հարաբերությունները, և Ռոշան հրաժարական է տվել։ Բնակիչներն էլ սկսել են գանգատվել դպրոցների վիճակից և այն բանից, որ երեխաներին պատշաճ ձևով չեն կերակրում։ Այդ ժամանակ Լիդիանան փախուստի է դիմել, սակայն 39 օր անց ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրան: