Եմենում շիական «Անսար Ալլահ» շարժման հութի-ապստամբների կողմից նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհիի սպանությունով զինված հակամարտությունը նոր փուլ է մտնում: Եմենն ավելի քան 30 տարի ղեկավարած նախկին նախագհի սպանությունով, մասնավորապես, խաղաղ կարգավորման հնարավորությունն ավելի նվազեց: Ակնկալվում է, որ երկրի ներսում առկա առճակատումն էլ ավելի կսրվի, քանի որ հութի-ապստամբներն ապացուցեցին, որ միանգամայն վերահսկում են իրավիճակը:
Հիշեցնենք, մայրաքաղաք Սանայում կառավարական ուժերի դեմ կռվող նախկին դաշնակիցների՝ «Անսար Ալլահ» շարժման ապստամբների և Սալեհի կողմնակիցների միջև բախումները սկսվել են անցյալ շաբաթ: Նշվում է, որ դաշնակիցների միջև տարաձայնությունների պատճառը եղել է մայրաքաղաքի ամենամեծ մզկիթի նկատմամբ վերահսկողությունը, որն, ի դեպ, կառուցվել է Սալեհի հրամանով և կրում է նրա անունը: Այս ֆոնին Սալեհը նախորդ շաբաթ հայտարարեց, որ պատրաստ է երկխոսություն սկսելու հարևան երկրների հետ՝ Եմենում հրադադարի հաստատման, շրջափակման վերացման և մարդասիրական օգնության հասանելիության համար, ինչը ողջունվեց Էր-Ռիադի կողմից: Սա էլ ավելի սրեց իրավիճակը: Արդեն մեկ շաբաթ շարունակվող բախումների հետևանքով զոհվել է առնվազն 245 մարդ: Դեկտեմբերի 2-ին Սալեհի կուսակցությունը՝ «Համաժողովրդական կոնգրեսը» հութիներին մեղադրեց հեղաշրջման մեջ, ինչը դարձավ նախկին դաշնակիցների միջև հարաբերությունների փաստացի խզում: Դա նախօրեին հաստատեց նաև Սալեհը, ինչից հետո սպանվեց հութիների կողմից:
Սալեհի սպանությունը ոչ միայն բացասական ազդեցություն ունեցավ հակամարտության քաղաքական կարգավորման հնարավորությունների վրա, այլ նաև դժվարություններ առաջացրեց Եմեն մարդասիրական օգնության մուտքի համար, ինչի մասին արդեն ահազանգում են ՄԱԿ-ում:
Նշենք, որ Եմենում քաղաքացիական պատերազմն շարունակվում է արդեն մի քանի տարի: Ճգնաժամի սկզբնական շրջանում պատերազմող կողմերն էին հութի-ապստամբները և նախկին նախագահին հավատարիմ ուժերը մի կողմից, գործող նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի բանակը և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան մյուս կողմից: Հութի-ապստամբներին 2014-15 թվականներին հաջողվել է վերահսկողություն հաստատել երկրի մեծ մասի՝ այդ թվում նաև մայրաքաղաք Սանայի նկատմամբ: Չնայած Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի մի շարք ռազմական հաջողություններին, ապստամբները շարունակում են պահպանել գրավված տարածքների մեծ մասին նկատմամբ վերահսկողությունը: