Վրաստանը դեռ պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը` քաղաքական նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտնել է «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
«Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորները հայտարարություն են ներկայացրել շրջանային ժողովին, որում նրանք կոչ են անում ճանաչել և դատապարտել, ինչպես նաև նպաստել Վրաստանի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:
«Վրաստանը դեռ պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը` քաղաքական նկատառումներից ելնելով։ Գաղտնիք չէ, որ Անկարան նրա ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Եթե այսօր Վրաստանը չի կարող դա անել պետական մակարդակով, ոչինչ չի խանգարում հայերով բնակեցված Սամցխե–Ջավախքին ճանաչել այն», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Պետրոսյանը։
Այդ նպատակով Պետրոսյանը և վրացահայ պատգամավորների մի խումբ` ի դեմս Զաքար Զաքարյանի, Գենադի Էլիզբարյանի, Սիմոն Մանանյանի և Սարգիս Ուզունյանի բարձրացրել են այդ հարցը և մտադիր են քննարկել առաջիկա ժողովին։