Չնայած ուժեղ դիմադրությանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց ճանաչել Երուսաղեմը` որպես Իսրայելի մայրաքաղաք: Նման որոշման հետևանքներն ամբողջական պատկերացնելու համար, ցակալի անդրադառնալ, թե ինչ զարգացումներ են եղել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Իսրայելա-Պաղեստինյան հակամարտության համատեքստում:
Թե՛ հրեաները, թե՛ պաղեստինցիները Երուսաղեմը համարում են իրենց պատմական և հոգևոր մայրաքաղաքը: 1947թ. բրիտանացիների դուրս գալուց հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկեց տարածքն արաբական և հրեական պետությունների միջև բաժանելու օգտին` Երուսաղեմը դարձնելով բաժանարար գիծ կամ «առանձնացված միավոր»` հատուկ միջազգային կարգավիճակով: Սակայն, 1967-ի պատերազմից հետո Իսրայելը գրավեց Արևելյան Երուսաղեմը Հորդանանից. մի քայլ, որը ՄԱԿ-ի կողմից անօրինական է համարվում: 1980-ին Իսրայելի Կնեսետն ընդունեց «Հիմնական օրենքը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակող», որը ճանաչված չէր որևէ այլ երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից:
1995-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց մի օրենք, որը պահանջում էր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, սակայն բոլոր նախագահները Բիլ Քլինթոնից սկսած բազմիցս ստորագրել են օրենքի կիրառման վեցամսյա հետաձգումը, հաղորդում է Al Jazeera-ն:
Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշի, Բարաք Օբամայի վարչակազմերը, հրապարակայնորեն աջակցել են պաղեստինյան պետության ստեղծմանը` հիմնվելով հակամարտության կարգավորման «երկու պետությունների» տարբերակի վրա (Պաղեստինի անկախ պետություն, Իսրայելի պետություն): 2003-ի Ճանապարհային քարտեզն առաջարկվել է Մերձավոր Արևելքի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի և Միավորված ազգերի կազմակերպության կողմից և սկզբում մշակվել է ԱՄՆ արտաքին ծառայության աշխատակից Դոնալդ Բլոմի կողմից: Ծրագրի համաձայն` Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվեր բանակցությունների երրորդ փուլում` փախստականների և բնակավայրերի խնդիրների լուծմանը զուգահեռ, սակայն գործընթացն առաջին փուլում մտավ փակուղի:
Որո՞նք են Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Թրամփի նման որոշման հիմնական հետևանքները:
Թրամփը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է հակադարձել նախկինում իրականացվող ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների ավանդական քաղաքականությանը: Որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց արտաքին հարաբերություններում լոբբինգի ուժը: Այն կխաթարի ԱՄՆ-ի դերը՝ որպես իսրայելա-պաղեստինյան հակամարտության անաչառ միջնորդի, Այն կարող է արաբների և հրեաների միջև հետագա լարվածության պոտենցիալ պատճառ դառնալ: Բացի այդ, նման քայլը կդառնա ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների և արաբական աշխարհի մի շարք երկրների միջև թյուրիմացության պատճառ: Որոշումը լարվածություն կառաջացնի նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում, որն արդեն սպառնացել է դիվանագիտական հարաբերությունները խզել Իսրայելի հետ: