Դեկտեմբերի 7-ին հայ երիտասարդների խումբն Ախալքալաքի կենտրոնում «Մեզ հանգիստ թողեք» խորագրով բողոքի ակցիա է կազմակերպել:
Ինչպես հաղորդում է jnews.ge-ն` Ախալքալաքի կենտրոնում էին հավաքել քաղաքի երիտասարդները, ովքեր պահանջում էին ոստիկանությունից, որ Ախալքալաքում կատարված ամեն հանցագործությունից հետո իրենց չտանեն հարցաքննության և ստուգումների:
Երիտասարդների բողոքի ակցիան ուղղված էր ոստիկանության գործողությունների դեմ, բայց նրանք հավաքվել էին Վարչության շենքի դիմաց:
Երիտասարդների բողոքի ակցիայի էությունը կայանում է նրանում, որ նրանցից շատերին ոստիկանությունը Ախալքալաքում կատարված ամեն հանցագործությունից հետո տանում է ստուգման:
Երիտասարդներից Դավիթ Մանուկյանն ասում է, որ ամեն անգամ Ռուսաստան գնալ գալուց հետո, իրեն հարցաքննության են տանում Ախալքալաքում կատարված տարբեր հանցագործությունների պատճառով: Այս խնդրով, jnews.ge-ի խմբագրություն էր դիմել Կիմ Կուղոյանը, բողոքի ակցիայի մասնակիցներից, ով հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ին իրեն Ախալցիխե են տարել: Կասկածելի ոչինչ չգտնելով, ասել են, որ երկիրը լքի, հակառակ դեպքում իրեն կնստեցնեն:
Աղբյուրի փոխանցմամբ` հավաքվածները գնացել են վարչության շենք, որպեսզի հանդիպեն Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին:
Jnews-ի հետ զրույցում Յուրիկ Ունանյանը նշել է, որ նա լուրջ խնդիր չի տեսնում, դա ոստիկանության առօրյա աշխատանքն է, և որ մի կողմին լսելով, եզրակացություն չի կարող անել:
«Եթե նրանք գրավոր կամ բանավոր ձևով ինձ են դիմել, ես այդ տեղեկությունը կներկայացնեմ համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանան միջոցներ ձեռնարկել։ Նրանց բողոքը կայանում է նրանում, որ իբր շատ հաճախ նրան (Խմբ. Կիմ Կուղոյանին) մեղադրելով թմրանյութեր օգտագործելու մեջ, տանում են Ախալցիխե և ուզում են փորձաքննության միջոցով հաստատել, թե իրոք օգտագործել է, թե՝ ոչ: Նրանց բողոքն է, որ իրենց հանգիստ թողնեն և ամեն սովորական բանի համար նեղություն չտան։ Ես չգիտեմ ինչքանով է ճիշտ նրանց ասածը, եթե իրոք այդպիսի փաստ գոյություն ունի պետք է հարուցել քրեական գործ, որտեղ կլինեն երկու կողմերը և կպարզաբանեն ճշմարտությունը», - ասել է քաղաքապետը։
Մարտին Կուղոյանը՝Կիմի հայրը մատնանշում է Ախալքալաքի փոխոստիկանապետի ապօրինի և մշտական հետապնդումները երիտասարդների նկատմամբ: Նրա խոսքերի համաձայն, հենց քաղաքում գողություն է կատարվում, ոստիկանության թիրախում են հայտնվում Կիմը և նրա ընտանիքը: