Երուսաղեմում իրավիճակն այս պահին հանգիստ է, սակայն, լարվածություն կա, քանի որ մահմեդականներն այսօր գալու են Երուսաղեմ աղոթելու և հնարավոր բախումները բացառելու համար քաղաքում ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից:
«Քաղաքի այդ թաղամասը հայկական թաղամասից աշխարհագրորեն շատ հեռու է, հետևաբար, հայ համայնքին վտանգ չի սպառնում»,- հայտնեցին պատրիարքարանից:
Նրանց փոխանցմամբ, արաբ խանութպաններն արդեն երկրորդ օրն է՝ գործադուլ են անում:
Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաքը, որն էլ բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ աշխարհում: