Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Հունաստան, որը թվում էր, թե շրջադարձային կլինի (այն վերջին 65 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի կողմից առաջին նման այցն էր) վերածվել է «լեզվակռվի»: Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի կողմ է դրել դիվանագիտական նրբանկատությունն ու մի շարք «կարմիր գծեր» հատել: Այս մասին գրում է The Guardian-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանը պատմական այցի առաջին օրը կոպտորեն հիշեցրել է երկու երկրների միջև տեղի ունեցած վեճերի մասին, այդ թվում նաև 1923 թվականի Լոզանի համաձայնագիրը:
Ինքնաթիռից իջնելուց մեկ ժամ առաջ Էրդողանը վեճի է բռնվել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Նա հայտարարել է, որ Աթենքը երբեք չէր դառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ առանց Անկարայի աջակցության: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Հունաստանը պետք է աշխատի Լոզանի պայմանագրով ամրագրված՝ Թրակիայում մահմեդական փոքրամասնության կրոնական իրավունքների հետ կապված վիճակը բարելավելու համար:
Աթենքը հուսով էր, որ երկու երկրների միջև լարված հարաբերությունների ֆոնին երկօրյա այցը հարևանների միջև հարաբերությունները նոր փուլ կտեղափոխեր:
Սակայն 63-ամյա Էրդողանը, շնորհակալություն հայտնելով Հունաստանին իրեն ընդունելու համար, շարունակել է իր սուր հռետորաբանությունը:
Վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ բանակցությունների ընթացքում էլ նա մեղադրել է հույներին օսմանյան պատմական վայրերը պատշաճ կերպով չխնամելու և մահմեդականներին երկրպագության համար համապատասխան վայր չտրամադրելու համար: Նա հավելել է, որ Կիպրոսը չի միավորվել, որովհետև հույն կիպրացիները շարունակել են մերժել «արդար և կայուն» կարգավորումը: Նա նաև մեղադրել է Հունաստանի իշխանություններին հույների և թուրքալեզու մահմեդական փոքրամասնության միջև առկա տնտեսական անհավասարության համար:
Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ Աթենքը պետք է վերադարձնի Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած ութ թուրք զինվորականներին...