ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի դիտորդների ավելացման պարամետրերը: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Վիեննայում` ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղի շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման թեման քննարկվել է 2016 թվականին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որին ներկա էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: Այնուհետև արդեն հարցը բարձրացվել է Սանկտ Պետերբուրգում հունիսին՝ արդեն նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Դրանից հետո սկզբունքային համաձայնությունը փոխանցվել է ԵԱՀԿ-ին և գիտեմ, որ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել դրա իրականացման պարամետրերը»,- հայտարարել է Լավրովը: