Անվանի ռուս գեղասահորդուհի, համաշխարհային սպորտի լեգենդ, հայտնի հասարակական ու քաղաքական գործիչ Իրինա Սլուցկայան «Աղթամար» սառցե շոուում Անահիտ աստվածուհու դերը կկատարի, գրում է Sputnik Armenia-ն:
Սա աշխարհահռչակ գեղասահորդուհու երրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ 2015 թվականին նա եկել էր Եվգենի Պլյուշենկոյի հետ «Kings on Ice» նախագծի շրջանակում։ Երկրորդ անգամ` Իրինա Ռոդնինայի հետ սահադաշտի ու նրա անվան գեղասահքի դպրոցի բացմանը։ Այս անգամ Սլուցկայան միայնակ է ժամանել։
«Ես ու իմ թիմը «Աղթամար» խորագրով հիանալի նախագիծ ենք պատրաստում։ Մյուս տարի համանուն լեգենդի հիման վրա սահադաշտում դրամատիկ ներկայացում է բեմադրվելու։ Դա աննախադեպ շոու է լինելու, քանի որ սառույցի վրա ցուցադրվելու է ոչ թե սովորական պատմություն, այլ լեգենդ», – ասաց անվանի գեղասահորդուհին։
Սլուցկայայի խոսքով` շոուի համար հատուկ երաժշտություն է գրվելու, իսկ նա Անահիտ աստվածուհու դերն է կատարելու։