ՀՀ նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին է փոխանցել մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարը։
Լուսանկարն արվել է հոկտեմբերի 12-ին Սոչիում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ: ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի լուսանկարը մեծ տարածում է գտել հատկապես ղազախստանյան լրատվամիջոցներում։
BNews.kz-ի հետ զրույցում Հակոբյանն ասել է, որ հաճելի է եղել, երբ համացանցից օգտվող ղազախստանցիները մեծ ուշադրություն են դրսևորել այդ լուսանկարի նկատմամբ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Մեզ` պաշտոնական լուսանկարիչներիս, սովորաբար որպես արարողակարգային լուսանկարիչների են ընկալում։ Այս քայլով ապացուցի, որ մենք կարող ենք սովորական արարողակարգից ստեղծագործական կադր ստանալ։ Այո, կրեատիվ կադր է ստացվել։ Ինձ հաճելի էր նման արձագանքը։ Ղազախները շնորհակալ էին, որ ես նրանց նախագահին գեղեցիկ եմ նկարել»,- ասել է նա։
Հակոբյանը պատմել է, որ իրականում ցանկացել է նկարել Սերժ Սարգսյանին, բայց ՀՀ նախագահի փոխարեն լուսանկարի կենտրոնում պատահաբար հայտնվել է Ղազախստանի նախագահը։
Նա ավելացրել է, որ շապիկներ է տեսել, որոնց վրա այդ լուսանկարն է պատկերված։